Տարիներ շարունակ տանջող գերքրտնարտադրությունը դադարեց T3-սիմպատէկտոմիայից հետո․ հերթական գիտական լսումը՝ կլինիկական դեպքի քննարկմամբ և զեկուցումներով
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ կայացած գիտական լսումը վերաբերում էր կրծքավանդակի վնասվածքներին և ափային հիպերհիդրոզին։
Կրծքային վիրաբույժ, ԵՊԲՀ կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրեց երկու զեկույց՝ «Կրծքավանդակի վնասվածքների ախտորոշման եւ բուժման առանցքային հարցեր» և «Վիդեոթորակոսկոպիկ բիլատերալ սիմպատէկտոմիան՝ որպես ափային հիպերհիդրոզի բուժման եղանակ»։
Կրծքային վնասվածքների թեմայի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել ախտորոշիչ ալգորիթմի և բուժման տակտիկական հարցերին, վնասվածքների տեսակներին և ծանրության աստիճանի գնահատմանը։
Գործընկերները բազում հարցեր են ուղղել բանախոսին՝ հետաքրքրվելով կրծքավանդակի վնասվածքների ժամանակ դրենավորման սկզբունքների, հանդիպող բարդությունների, ներհիվանդանոցային ախտորոշման և բուժման հարցերը արդյունավետ կազմակերպելու մասին։
Թորակալ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, դոցենտ Հովհաննես Սարկավագյանը, արձագանքելով հարցուպատասխանին, ներկայացրել է կողերի բազմակի կոտրվածքների ժամանակ աշխարհում կատարվող վիրահատությունների տեսակները։
Երկրորդ զեկույցի քննարկումը ընթացավ վերջերս համալսարանական հիվանդանոցում արձանագրված կլինիկական դեպքով։
Ըստ այդմ՝ 21 տարեկան քաղաքացին դիմել էր թորակալ վիրաբուժության բաժանմունք՝ գանգատվելով ափերի խիստ արտահայտված գերքրտնարտադրությունից, ինչի հետևանքով անձի մոտ նկատվում էին սոցիալ-հոգեբանական խնդիրներ, չէր կարողանում մարդկանց ձեռքով բարեւել, մակերեւույթներին դիպչել։ Այս երեույթը նրա մոտ հայտնաբերվել է դեռ մանուկ հասակից, տարբեր մասնագետների էր դիմել, սակայն վերջնական արդյունք չէր ստացել։
Համալսարանական հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է ափերի առաջնային հիպերհիդրոզ։
Կրծքային վիրաբույժ Մկրտիչ Մկրտչյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Արամ Վարդանյան, վիդեոթորակոսկոպիկ եղանակով իրականացվել է երկու կողմի երրորդ սիմպատիկ հանգույցի հատում՝ T3-սիմպատէկտոմիա։
Վիրահատությունը և հետվիրահատական շրջանը անցել է առանց բարդությունների, անմիջապես վիրահատությունից հետո նկատվել է ափերի քրտնարտադրության դադարեցում։
Դեպքի ներկայացումը մեծ հետաքրքրություն առաջացրեց, մասնագետները հետաքրքրվում էին հիվանդի բուժման նախորդ փորձերի, պրակտիկայում հանդիպող նմանատիպ այլ դեպքերի մասին։
Կից ներկայացնում ենք տեսանյութեր՝ կատարված մինչ վիրահատությունը, վիրահատությունից անմիջապես հետո և մեկ շաբաթ անց։
.png)